Այսօր եվրոպական դիվիզիոնում ֆուտբոլի 2014 թ. աշխարհի առաջնություն տանող խմբային նախավերջին խաղերն են: Տեսնենք, թե ո՛ր երկրի ընտրանիներն են լուծել իրենց խնդիրները, որոնք են մոտ կանգնած լուծմանը: Սակայն, մինչ մանրամասներին անցնելը, հիշեցնենք` խմբայիններում միայն առաջին տեղը գրաված հավաքականներն են ուղիղ ճանապարհով հայտնվելու եզրափակիչում, իսկ երկրորդ տեղում հայտնված ինը հավաքականներից լոկ ութն են ստանալու նման հնարավորություն, այն էլ՝ միջանցիկ հանդիպումներում հաղթելուց հետո:
Առաջին տեղի համար A խմբում վեճն ընթանում է այսօր իրար հետ հանդիպող Հորվաթիայի ու Բելգիայի հավաքականների միջև: Եթե Բելգիայի ընտրանին Զագրեբից հեռանա միավոր վաստակած, Բրազիլիա տանող ուղեգիրը միանշանակ երաշխավորված է: Իսկ եթե «կարմիր սատանաները» պարտվեն, ողբերգություն չի լինի, քանզի դիմացն ունեն տնային խաղ խմբի հետնապահներից մեկի` ՈՒելսի ընտրանու հետ, որի նկատմամբ ոչ միայն հաղթանակը, այլև ամենայն հավանականությամբ, նաև ոչ-ոքին կապահովի բաղձալի ուղեգիրը, քանզի, եթե անգամ վերջին խաղում էլ հաղթի Հորվաթիան ու երկու հանդիպումների արդյունքով հավաքի առավելագույն վեց միավորը, գործողության մեջ կմտնեն լրացուցիչ ցուցանիշները, իսկ դրանցից ամենագլխավորը` իրար հետ հանդիպումներում խփած-բաց թողած գնդակների դրական հաշվեկշիռը, հօգուտ բելգիացիների է: Ասենք, որ երկու հաղթանակի դեպքում եզրափակչում հայտնվելու հնարավորություն է պահպանում նաև Հորվաթիան: Բնականաբար՝ նաև միջանցիկ խաղում հաղթելու դեպքում:
B խմբում իտալացիների հարցը պարզ է` նրանք Բրազիլիայում են: Միջանցիկ խաղի դուրս գալու համար այստեղ ամենամեծ հնարավորությունն ունի Բուլղարիայի, նոր միայն Հայաստանի ընտրանին: Սակայն պայմանը մեկն է` երկուսն էլ մնացած երկու խաղում պիտի հավաքեն առավելագույն քանակի միավորներ, ինչն ինքնին բացառված է առնվազն կողմերից մեկի համար, քանզի այսօր նրանք մրցելու են իրար հետ: Ինչ վերաբերում է Չեխիայի ընտրանուն, անգամ երկու հաղթանակը նրա առաջ չի բացի եզրափակիչ տանող դռները, քանի որ այս դեպքում նրա «հաշվարկային միավորները» կկազմեն ինը, իսկ սա, լավագույն դեպքում, կիսաբաց դուռ է` պայմանավորված բազմաթիվ այլ «եթե»-ներով, որոնք քննարկելն անիմաստ է, ընթերցողի ուղեղի անիմաստ ծանրաբեռնում:
C խմբում Գերմանիայի ընտրանուն լիովին բավարարում է մեկ միավորը, և նա, առանց կասկածի, այդ հարցը կլուծի: Հետաքրքրականն այստեղ մնում է այն, թե վերջին երկու խաղի արդյունքով երկրորդ տեղում, ի վերջո, ով կհայտնվի` ներկա պահի դրությամբ տասնյոթ միավոր ունեցող Շվեդիա՞ն, թե՞ տասնչորս միավոր ունեցող Ավստրիան: Սակայն եկեք այստեղ էլ պահպանենք սառնարյունություն, քանզի կողմերն այսօր հանդիպում են իրար հետ, և հանդիպման ավարտով շատ բան հայտնի կդառնա:
D խմբում երկրորդ ուղեգրի հարցում չափազանց դրամատիկ իրավիճակ է (Հոլանդիայի ընտրանին վաղօրոք է լուծել առաջին տեղի հարցը): Այստեղ էլ եկեք շատ հեռուն չնայենք, որովհետև առայժմ երկրորդ տեղում գտնվող Հունգարիայի ընտրանուն ծանր օր է սպասում հոլանդացիների հետ խաղում` այն էլ նրանց հարկի տակ, իսկ պարտությունը կամ ոչ-ոքին հունգարներին միանգամից առնվազն երկու հորիզոնականով հետ կմղեն, որովհետև ընդամենը մեկ միավորի հեռավորությամբ դիրքավորված թուրքերն ու ռումինացիները մրցելու են իրենց համեմատությամբ նկատելորեն թույլ էստոնացիների ու անդորրացիների հետ:
E խմբում Ալբանիայի ընտրանու հետ հանդիպումում վաստակելիք մեկ միավորը շվեյցարացիների համար փաստացի կլուծի Բրազիլիա գնալու հարցը: Վերջիններիս համար խնդիրը հեշտանում է նաև նրանով, որ գործնականում ալբանացիները միջանցիկ հանդիպումների հնարավորություն արդեն իսկ չունեն, իսկ նման պարագայում արյուն հեղելն անիմաստ է դառնում, թեպետ ի՞նչ իմանաս, թե ալբանացիներն ուրիշ ինչ «մոտիվացիա» կարող են ունենալ: Միջանցիկ հանդիպման հնարավորություն այստեղ թերևս ավելի շատ ունեն իսլանդացիները: Նրանց գլխավոր նպատակն այսօր կիպրոսցիներին հաղթելն է, ինչը միանգամայն նրանց ուժերի սահմանում է: Իհարկե, զուգահեռաբար շատ կարևոր նշանակություն ունի, որ արտագնա խաղում նորվեգացիները չհաղթեն սլովենացիներին: Ինչպես տեսնում եք, այս խմբում էլ վիճակը չափազանց խճճված է, դրա համար էլ սպասենք օրվա հանդիպումների արդյունքներին:
F խմբում տասնութ միավորով առաջին հորիզոնականում գտնվող ռուսներն արտագնա խաղում հանդիպելու են Լյուքսեմբուրգի հավաքականի հետ, տասնյոթ միավոր ունեցող պորտուգալացիները սեփական հարկի տակ ընդունելու են Իսրայելի ընտրանուն: Վերջնահաշվի կտրվածքով այս խմբի համար որևէ կանխատեսում անելն անիմաստ է, քանզի քանզիները շատ են: ՈՒստի եկեք դատողությունները թողնենք հետագային:
Անգամ տեսականորեն G խմբում բոսնիացիներին ու հույներին ոչ ոք չի կարող հասնել: Առաջինները այսօր և առաջիկայում մրցակիցներ ունեն Լիխտենշտայնին ու լիտվացիներին, հույները` սլովակներին ու լիխտենշտայնցիներին: Եթե երկուսն էլ երկու խաղում հաղթեն, հույների առջև դարձյալ շատ լուրջ խնդիր է կանգնած` նրանք ունեն +5, բոսնիացիները` +20: Այնպես որ, հույների միակ հույսը մնում են լիտվացիները` բոսնիացիներից հնարավոր միավոր կորզելու աղոտ հույսով, այլապես նրանց սպասում է միջանցիկ հանդիպման հեռանկարը:
H խմբում եթե ուկրաինացիները չսայթաքեն լեհերի հետ խաղում (մյուս հանդիպումը Սան Մարինոյի հետ է), ապա նրանց սպասում է միջանցիկ հանդիպման հեռանկարը: Սակայն սա այսպես վստահաբար կարող ենք ասել միայն այն դեպքի համար, եթե անգլիացիները հաղթում են չեռնոգորցիներին (մյուս խաղը լեհերի հետ է): Իսկ եթե հանկարծ այնպես ստացվի, որ ուկրաինացիները պարտվեն լեհերին, ապա նրանց համար ամեն ինչ կարող է դառնալ անշրջելի: Եկեք այստեղ էլ վերլուծությունների մեջ չխորանանք, քանզի այսօրն է տալու շատ հարցերի պատասխանը:
I խմբում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնների հաղթանակը Բելառուսի նկատմամբ նրանց երեք միավորով առաջ կմղի ֆրանսիացիներից, իսկ Բրազիլիա տանող ուղեգիրը պաշտոնապես նվաճելու հնարավորությունը «վրեժի կարմիր աստվածուհուն» կտա վրացիների հետ վերջին հանդիպումը, որտեղ նրանց կբավարարի անգամ մեկ միավորը: Այնպես որ, հարյուր տոկոս անսխալականությամբ կարելի է ասել` միջանցիկ հանդիպման ճակատագիրն այստեղ սպասում է ֆրանսիացիներին:
Իհարկե, ընթերցողին անհարկի ծանրաբեռնումներից հետ պահելու համար, մենք որոշակի հարցեր շրջանցեցինք: Դրանց կանդրադառնանք հետագայում, եթե, իհարկե, տրամաբանված լինի անհրաժեշտությունը, քանզի օրվա հանդիպումները դրանք կարող են դարձնել միանգամայն ավելորդ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ